ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Թումանյանի այցը Համադան

27 հունիսի, 2018

Հունիսի 27-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի այցը Համադանի նահանգ, որտեղ դեսպանը հանդիպումներ ունեցավ փոխնահանգապետ Սեյեդ Սայիդ Շահրոխիի, Համադանի քաղաքապետ Աբաս Սուֆիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ալի Ասղար Զեբարդասթի և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Փոխնահանգապետ Շահրոխիի և նահանգապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կարևորվեց փոխճանաչողության և տեղեկացվածության բարձրացումը՝ որպես Հայաստան-Իրան տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, գիտակրթական կապերի և միջմարզային համագործակցության ամրապնդման առաջնահերթ նախապայման:

Դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսության ընձեռած հնարավորություններին: Այս համատեքստում կողմերն անդրադարձան տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության հնարավորություններին:

Քաղաքապետ Սուֆիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիների և համատեղ ծրագրերի շուրջ:

Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո տնտեսական գործունեության համար ստեղծված նպաստավոր պայմանները, ներդրումային ծրագրեր իրականացնելու առանձնահատկությունները, գործարար միջավայրը, առևտրային ռեժիմները՝ անդրադառնալով նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Թումանյանը կարևորեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործունեությունը՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա: ՀՀ դեսպանը նշեց, որ իրականացվում են կոնկրետ կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ՝ օտարեկրյա ներդրումների պաշտպանության և խրախուսման նպատակով: Դեսպան Ա. Թումանյանն իրանցի գործարարներին հրավիրեց Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործնական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Տպել էջը