ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի 25-րդ նիստ
21 հունիսի, 2018Հունիսի 21-ին Մոսկվայում կայացավ ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:
Նիստը նախագահում էր ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում են երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների իրագործմանը, կողմերի համագործակցությանը քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների վերաբերյալ 1993թ. հունվարի 22-ի կոնվենցիայի շրջանակներում:
Մասնակիցներն անդրադարձան քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների վերաբերյալ 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված կոնվենցիայի շրջանակներում համագործակցության հարցերին, այդ թվում նաև կողմերի տարածքում գտնվող ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները պարբերաբար փոխանակելու անհրաժեշտությանը:
Նիստին քննարկվեցին նաև ազատազրկման դատապարտված քաղաքացիներին` հետագա պատիժը կրելու նպատակով արտահանձնելու վերաբերյալ 1998թ. մարտի 6-ի Կոնվենցիայի դրույթների իրագործմանն առնչվող հարցերը:
Նիստի մասնակիցները քննարկում ծավալեցին և միմյանց հետ իրենց փորձով կիսվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: