Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ Մոսկվայում՝ լատինաամերիկյան տարածաշրջանի հարցերի շուրջ
20 հունիսի, 2018Հունիսի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ լատինաամերիկյան տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շչետինինը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան լատինաամերիկյան տարածաշրջանի հետ երկու երկրների հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ինտեգրացիոն գործընթացների, առկա հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին լատինաամերիկյան երկրների հետ Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները: