Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև
11 հունիսի, 2018Հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվեց Հայաստանում և Էստոնիայում պարբերաբար անցկացվող մշակութային միջոցառումների կարևորությունը։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Գագիկ Ղալաչյանն ընդգծեց Էստոնիայի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ վավերացման գործընթացը սահուն կերպով կշարունակվի նաև ԵՄ անդամ մյուս երկրներում։ Նա հավելեց, որ ս.թ. հունիսի 1-ից համաձայնագրի դրույթներն արդեն սկսել են մասամբ կիրարկվել Հայաստանում։
Խորհրդակցությունների մասնակիցներին ընդունեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Էստոնական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։