Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություն Աստանայում
02 հունիսի, 2018Հունիսի 2-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, որը կազմակերպվել էր Աստանայի, Կարագանդայի ու Կոկչետավի հայկական մշակութային կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների հետ համատեղ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ դեսպան Արա Սահակյանը կարևորեց 1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին Հանրապետության դերը հայ ժողովրդի կենսունակ ուժերի համախմբման և Սարդարապատի, Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերի կազմակերպման գործում, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները:
«Հայության մի քանի սերունդ Հայաստանում և Սփյուռքում երազել ու պայքարել է հանուն պետական անկախության վերականգնման, որն իրականություն դարձավ 1991թ. սեպտեմբերի 21-ին: Ներկա Հայաստանը հայության նվիրական երազանքների առհավատչյան է, ու մեզանից յուրաքանչյուրը պետք է գործնական պատասխանատվություն կրի՝ ինչո՞վ է օգնում իր նորացող Հայրենիքին», - ասաց դեսպանը:
Միջոցառման մշակութային հատվածում հայ մանուկներ ու երիտասարդներ հանդես եկան հայրենասիրական երգերի և հայ գրողների ստեղծագործությունների կատարմամբ: