Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում
01 հունիսի, 2018
Հունիսի 1-ին Բրյուսելի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, համերգ և ընդունելություն, որը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի կատարողական արվեստի բաժանմունքի, Բելգիայի Հայ համայնքի կոմիտեի և «Պողոսյան» հիմնադրամի կողմից:
Միջոցառմանը ներկա էին Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզեն, Բրյուսելի ֆրասախոս համայնքի խորհրդարանի նախագահ Ժուլի Դը Գրութը, Բելգիայի խորհրդարանի և կառավարության, Եվրոպական Խորհրդարանի բարձրաստիճան անդամներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզեն, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի հայ համայնքի ղեկավարներ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը, կանգնելով բազմաթիվ փորձությունների առջև և ունենալով կարճատև կյանք, այնուամենայնիվ հաջողեց ամուր հիմք դնել Հայաստանի՝ որպես անկախ և ժողովրդավարական պետության կայացման համար: Դեսպանը նշեց նաև, որ հանրապետության հիմնադրումն արձանագրեց այն փաստը, որ հայ ժողովրդի և հայկական պետության գոյությունն անքակտելի և անօտարելի իրականություն են:
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մարգարյանը կարևորեց այն հանգամանքը, որ հայկական համայնքների ներկայացուցիչները Եվրոպայում և այլուր Հանրապետության տոնը նշում են իրենց համաքաղաքացիների և պետության բարձր ներկայացուցիչների ներկայությամբ, ջերմ, բարեկամական մթնոլորտում:
Համերգին ելույթ ունեցավ ՀԲԸՄ լարային անսամբլը կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ: Հնչեցին Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար, Կոմիտասի «Կռունկ»-ը: Տոնական միջոցառումները շարունակվեցին նաև հաջորդող օրերին: Հունիսի 2-3-ին Բրյուսելի կենտրոնում՝ Մոնեյի հրապարակում և այլուր, տեղի ունեցան շուրջօրյա տոնախմբություններ, որոնք զուգորդվեցին հայկական երգ ու պարով: