Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրում Դամասկոսում
28 մայիսի, 2018Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:
Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի սցենարով պատրաստված փաստավավերագրական ֆիլմի դիտում Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի պետականության վերականգնման մասին: Ֆիլմի ռեժիսորն է սիրիացի վաստակավոր արվեստագետ Բասել ալ-Խատիբը:
Ֆիլմում առաջին անգամ սիրիացի լայն լսարանին արաբերենով համապարփակ ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հետ կապված փաստեր:
Ֆիլմում հիմնավոր կերպով մեկնաբանվում է, թե ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում տեղի ունեցավ Հայոց պետականության վերականգնումը շուրջ հինգ հարյուր հիսուն տարի ընդմիջումից հետո։ Ապա ցույց է տրվում Հայոց հավաքական ուժի միջոցով Մայիսյան հերոսամարտերում Թուրքիայի նկատմամբ հաղթանակները Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատի վճռական մարտում, որին հաջորդեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։
Ֆիլմը ցուցադրվեց նաև սիրիական հեռուստատեսությամբ և բարձր գնահատանքի արժանացավ Սիրիայի մտավորականության և սիրիահայ համայնքի կողմից: