Հայաստանը ներկայացվեց Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին

28 մայիսի, 2018

Մայիսին 28-ին Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով նշեց, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային, և թե՛ տնտեսական առումներով՝ ընգդծելով, որ Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով Հայաստանը՝ որպես Մետաքսի հնագույն ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրեց Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանը խոսեց Հաայստանում օտարերկրյա ներդրումների համար ստեղծված բաչենպաստ պայմանների՝ «Բաց դռների» քաղաքականության մասին: Նա նաև նշեց, որ Հայաստանը դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ՝ ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձավ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին՝ մասնավորապես ներկայացնելով ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը և Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի փոխտնօրենը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև:

Տպել էջը