Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելություն Բեռլինում
28 մայիսի, 2018Մայիսի 28-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ դաշնային նախկին նախագահ Յոախիմ Գաուկը, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն, Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեն, ԳԴՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված ավելի քան 50 երկրների դեսպաններ, քաղաքական գործիչներ, գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, մասնավորապես, նշեց. «1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորումը հայ ժողովրդի դարավոր պայքարի և փափագի արդյունք էր, սեփական հայրենիքը կերտելու և ճակատագիրը տնօրինելու անկոտրում կամքի դրսևորում: Սարդարապատ, Բաշ-Ապարան` հերոսական մարտեր, որոնք հայ ինքնության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պետականորեն կազմակերպվելու հերոսական նոր էջ բացեցին հայ ժողովրդի պատմության մեջ»:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ԳԴՀ ԱԳՆ քաղաքական փոխտնօրեն, դեսպան Անդրեաս Պեշկեն:
Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան թավջութակահար Հայկ Սուքիասյանը և դաշնակահար Ժոռա Սարգսյանը: