Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված երեկո Բելառուսում

28 մայիսի, 2018

Մայիսի 28-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը Բելառուսի ժողովուրդների բարեկամության ընկերության հետ համատեղ Մինսկի բարեկամության տանը կազմակերպեց Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, ԲՀ ԱԳ նախարարության, բելառուսական մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ելույթում անդրադարձ կատարեց հայոց պետականության պատմությանը, մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը:

Դեսպանը հատկապես ընդգծեց, որ Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակը հնարավորություն տվեց հայ ազգին վերածնվելու և իր սեփական պետականությունը վերականգնելու համար:

Շնորհավորական խոսքով նաև հանդես եկավ ԲՀ ԱԺ Նրկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բ.Պիրշտուկը:

Այնուհետև մեկնարկեց համերգ, որին ելույթ ունեցան «Էրեբունի» պարային համույթը, Մինսկի կիրակնօրյա դպրոցի սաները, Բելառուսում հայտնի հայ օպերային երգչուհի Գոհար Հակոբյանը և այլոք:
 

Տպել էջը