Բելառուսի Գորոդոկ քաղաքում տեղի ունեցավ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը

19 մայիսի, 2018

Մայիսի 19-ին Բելառուսի Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքում «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Խեչոյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչ-բարերարների նախաձեռնությամբ և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Միջոցառմանը ներկա էին Վիտեբսկի մարզի պատգամավորների խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը, մարշալ Հ.Բաղրամյանի թոռ՝ Իվան Բաղրամյանը, Վիտեբսկի մարզային և Գորոդոկի շրջանային վարչակազմի ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Բելառուսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և զինվորականներ, մտավորականներ ու վետերաններ, հայ համայնքի ղեկավարներ և բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Եսայանը, նշելով հայ ազգի ակնառու ավանդը Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի գործում, շնորհակալություն հայտնեց բելառուս ժողովրդին՝ Բելառուսի զգալի մասն ազատագրած մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ինչպես նաև ընդհանուր հաղթանակի հիշողությունը վառ պահելու համար: Հայաստանի դեսպանը դեսպանության անունից շնորհակալական խոսք հղեց նաև հուշարձանի ստեղծման, տեղադրման, միջոցառման կազմակերպման բոլոր հեղինակներին ու մասնակիցներին:

ՀՀ դեսպանը բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց, որ բելառուսական հողում մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացումն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի փառքը հավերժացնելու և հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բացմանը հաջորդեց Բելառուսի հայկական պարային համույթների, երաժշտական խմբերի և երգիչների համերգը:

Տեղեկանք. Մարշալ Բաղրամյանի արձանը նախագծել է հայտնի ճարտարապետ, Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, իսկ պատրաստել՝ Բելառուսում հայտնի հայ քանդակագործ և նկարիչ Սպարտակ Հարությունյանը:
 

Տպել էջը