Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
15 մայիսի, 2018Մայիսի 15-ին Լիտվայի Կլայպեդա քաղաքի «Սիմոնայտիտեսի» անվան հանրային գրադարանում Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի աջակցությամբ տեղի ունեցավ «Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Բացման խոսքով հանդես եկավ Կլայպեդայի «Վան» հայկական համայնքի ղեկավար Ալբերտ Ալբերտյանը, ով անդրադարձավ Սումգայիթյան իրադարձություններին և նշեց, որ Ադրբեջան պետությունը, ունենալով ընդամենը 100 տարվա պատմություն, իր ազգային ինքնության հիմքում դրել է հայատյացությունը: Անդրադարնալով պետկան մակարդակով իրականացվող այդ քաղաքականությանը՝ Ալբերտ Ալբերտյանը նշեց, որ այն շարունակվում է առ այսօր, ինչի վառ վկայություններից մեկը 1988թ. Սումգայիթյան սպանդն է, ինչպես նաև՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները:
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց արխիվային նյութերի հիման վրա կազմակերպված ցուցահանդեսը և դրա բովանդակությունը։ Դեսպանն անդրադարձավ Ադրբեջանում ահագնացող տեմպերով աճող հայատյացության դրսևորումներին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումների նպատակը միշտ եղել է մեկը՝ հիշել անցյալում տեղի ունեցած ողբերգությունը ապագայում նման դեպքերը կանխելու նպատակով: Այս նպատակին հասնելու համար քաղաքակիրթ մարդկությունը պետք է միահամուռ ուժերով հանդես գա։
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչ Սաուլիուս Պալիուլիսին, ով 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովից փրկել էր մյուս հայ զինվորականի՝ Հայք Մակուչյանի կյանքը:
Դեսպան Մկրտչյանն այժմ արդեն Կլայպեդայի քաղաքապետարանի աշխատակից՝ նախկին զինվորական Սաուլիուս Պալիուլիսին փոխանցեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալը՝ հայ զինվորական Հայք Մակուչյանի կյանքին սպառնացող հանգամանքներում ցուցաբերած հերոսական աջակցության համար։ Դեսպանը նշեց նաև, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է լինելու Պալիուլիսին ցուցաբերած արիության համար։
Սաուլյուս Պալիուլիսը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, իր խոսքում նշեց, որ չնայած այդ օրվանից գրեթե 14 տարի է անցել, սակայն նրա հիշողության մեջ ամեն ինչ դեռ թարմ է և հավելեց, «որ զինվորականները գործում են ռազմի դաշտում կռվելով, այլ ոչ թե գիշերը քնած մարդկանց սպանելով»:
Տեղեկանք. «Սումգայիթ 30» ցուցահանդեսը, որն առաջին անգամ ցուցադրվել է Վիլնյուսում, բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։
Մինչև վերջին ժամանակները Սաուլյուս Պալիուլիսը ծառայության մեջ է գտնվել Լիտվայի զինված ուժերում և ծառայությունն ավարտել է փոխգնդապետի զինվորական կոչումով: Այժմ Սաուլյուս Պալիուլիսը Կլայպեդայի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի վարչության սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի վարիչն է։ 2004թ․ նոյեմբերի 23-ին այն ժամանակվա Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի կողմից Պալիուլիսին շնորհվել է «Կյանքի փրկության խաչ» /Life Saving Cross/ պետական պարգևը։