Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում
24 ապրիլի, 2018Ապրիլի 24-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի մերձակայքում գտնվող Սպասսկի գյուղում, նախկին համակենտրոնացման ճամբարի (Կարլագի) տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը, Կարագանդայի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը, Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպան Արա Սահակյանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակն անշեջ պահելու, մեր չմարող վիշտը ազգային միասնության ամրապնդմամբ, Հայաստանի Հանրապետության շենացմամբ, Արցախի հայության անկախության պահպանմամբ ամոքելու անհրաժեշտությունը:
Կարագանդայի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը հիշեցրեց, որ տեղի հայկական համայնքը տարիներ շարունակ իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և տարբեր սերնդի ղազախահայերի այսօրվա հոծ ներկայությունը վկայությունն է այն իրողության, որ մեր ժողովրդի բնաջնջման դիվական ծրագիրը չէր կարող նպատակին հասնել, որովհետև մենք ոգու բացառիկ տոկունությամբ և չարիքին դիմակայելու անկոտրում կամքով օժտված ժողովուրդ ենք եղել, կանք ու կմնանք:
Միջոցառման ավարտից հետո Հովհաննես սարկավագ Մելիքյանը (Հայ Կաթողիկե եկեղեցի) մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:
Ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ղազախստանի Ալմաթի, Ատըրաու, Ակտաու, Ակտոբե քաղաքների հայկական համայնքներում: