Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Չեխիայում
24 ապրիլի, 2018Ապրիլի 22-ին Չեխիայի Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում, «Ուրարտու» հայ-չեխական միության կազմակերպմամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական հուշ-միջոցառում:
Միջոցառման սկզբում մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Յիհլավայի խաչքարին։ Այնուհետև Սուրբ Հոգի եկեղեցում ելույթներով հանդես եկան «Ուրարտու» միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վավերագրող լուսանկարներ։
Ապրիլի 23-ին Չեխիայի երկրորդ խոշորագույն քաղաք Բռնոյի «Ապակե մարգագետիններ» ակումբում Մասարիկի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Չեխական գրականության ամբիոնի դասախոս Վլաստիմիլ Չեխը և մի շարք ուսանողներ կազմակերպել էին ռումինահայ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» և չեխ գիտնական Միխալ Ռոուտիլի «Քրիստոնյաների արհավիրքը» գրքերից հատվածների ընթերցում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վլաստիմիլ Չեխը և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ դեսպանը նշեց, որ վերջին շրջանում, հատկապես Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համատեքստում, այդ թեման դարձել է պահանջված։
Ապրիլի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ծաղիկներ զետեղեցին հռչակավոր գրող Ֆրանց Վերֆելի տան հուշատախտակի, այնուհետև՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխխոսնակների, մի շարք խորհրդարանականների և պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների, քաղացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ հայերի հետ միասին, Պրահայի հայկական խաչքարի մոտ։ Ներկաների թվում էր նաև Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի հեղինակ Ռոբին Բյոհնիշը։
Շնորհակալություն հայտնելով բարեկամ չեխ ժողովրդին, ով մեկ տարի առաջ ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ Հայաստանի դեսպանը երախտագիտության խոսքեր հղեց նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, չեխահայերին և այլ չեխ բարեկամներին, ովքեր իրենց դերակատարումն ունեցան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Այնուհետև Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ, գլխավոր դիրիժոր՝ դոկտոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հնչեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆորեի «Ռեքվիեմը»։