Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումում
24 ապրիլի, 2018Ապրիլի 24-ին Բաթումում հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:
Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացան ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ:
Հիշատակի արարողության շրջանակներում կազմակերպվել էր բացօդյա ցուցահանդես, որում ներկայացված էին գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:
Ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությանը, որը կօգնի զերծ պահել մարդկությանը նոր աղետներից:
Միջոցառումներն ավարտվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդների, դպրոցականների և նախակրթարանցիների մանակցությամբ կայացավ հիշատակի գրական-երաժշտական ներկայացում՝ Կոմիտասի, Պարույր Սևակի և այլ հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ: