Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում
23 ապրիլի, 2018Ապրիլի 23-ին Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Մեսրոպ եպս. Սարգսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Երեկոյան ժամերգությանը հաջորդեց մոմավառության արարողություն, ինչից հետո Պիեռ Քեոսեյան սրահում տեղի ունեցավ Երևանից ժամանած պրոֆ. Հայկազուն Ալուրցյանի «Կրոնափոխ հայերը Թուրքիայում» թեմայով դասախոսությունը:
Ապրիլի 27-ին Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցում, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված երեկոյան ժամերգությանը հաջորդեց խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությունը:
Համալիրի սրահում ելույթ ունեցան կիրակնօրյա Արա Խանոյան վարժարանի աշակերտները, երիտասարդական երգչախումբը, ելույթներին հետևեց Պետրոս Պետերճիկյանի բանախոսությունը:
Երեկոն ավարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանի խոսքով, ով կարևորեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնությունը: