Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեխիկոյում
22 ապրիլի, 2018Ապրիլի 22-ին Մեխիկոյի Լիբանանյան Մարոնիտ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը վարեց Եպիսկոպոս, մոնսենյոր Ջորջ Սաադ Աբի Յունեսը։
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ Ջորջ Աբի Յունեսը լիբանանյան համայնքի կողմից զորակցություն հայտնեց եղբայրական հայ ժողովրդին՝ հատուկ նշելով Լիբանանում մեծաթիվ հայ համայնքի առկայությունը, որն իր զգալի նպաստն է բերում երկրի զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով իր ելույթում անդրադարձավ ապրիլի 24-ի խորհրդին՝ դիտարկելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների շրջանակներում՝ ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Դեսպանը հույս հայտնեց, որ Մեքսիկան շուտով կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների պատվավոր շարքին։
Միջոցառմանը ներկա էին Մեխիկոյում դիվանագիտական կորպուսի, մեքսիկահայ և լիբանանյան համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր և լրագրողներ։