Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
16 ապրիլի, 2018Ապրիլի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի ստորին` Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոզալիա-Իբոլիա Բիրոյի հետ: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցում էր նաև Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Համաձայնագիրը:
Արձագանքելով ֆրանկոֆոն շրջանակներում խորհրդարանական մակարդակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ դեսպան Մինասյանի նկատառումներին՝ Բիրոն պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել խորհրդարանական հարթակում: Կարևորվեց նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի պատվիրակությունների փոխայցելությունների իրականացումը:
Դեսպանը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց ապակենտրոնացված մակարդակում հայ-ռումինական համագործակցությանը: