Աշխարհի դասականները․ Կովկաս-Հայաստան համերգաշարի բացումը Համբուրգում
28 մարտի, 2018Մարտի 28-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի, Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվեց «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:
Նորաբաց աշխարհահռչակ այս ֆիլհամոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները հնարավորություն ունեցան ներկայացնելու հայկական մշակույթը:
Բացման համերգով հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացավ նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան:
Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, ինչպես նաև «Գյուրջիև» անսամբլը: Ծրագիրը կեզրափակվի հեղինակավոր «Գեղարդ» երգչախմբի կատարումներով: