Դեսպան Փոլադյանի հանդիպումը ՍԱՀ մշակույթի նախարարի հետ
20 մարտի, 2018Մարտի 20-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին, որ երկու երկրներն ունեն մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ՝ հիշատակելով պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի աշխույժ փոխայցելությունները, ինչպես նաև Սիրիայում կայացած հայկական և Հայաստանում սիրիական մշակութային օրերը:
Նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, բարձր գնահատլով հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների և մշակութային համագործակցության արդի մակարդակը, հույս հայտնեց, որ առաջիկայում համագործակցությունը էլ ավելի կխորանա:
Իր հերթին դեսպան Փոլադյանը նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Սիրիայի հետ վերսկսել մշակութային ակտիվ շփումները: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորեց երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային բազայի թարմացումն ու լրամշակումը: Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Սիրիայի միջև 2018-2020թթ. մշակութային ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագրի նախագծի շուրջ քննարկումներին:
Դեսպան Փոլադյանը նախարար Մուհամմադ ալ-Ահմադին ներկայացրեց ընթացիկ տարվում ՀՀ-ում նշվող պետական խոշոր միջոցառումների՝ Սարդարապատի հերոսամարտի և Առաջին Հանրապետության 100-ամյակների նախապատրաստական ընթացքը և Սիրիայում դրանք համատեղ նշելու հնարավորությունները, փաստելով, որ դա կարող է լավ հիմք հանդիսանալ այս ոլորտում երկկողմ ակտիվությունը վերականգնելու համար:
Նախարար ալ-Ահմադը ողջունեց ՀՀ դեսպանի առաջարկությունները, նշելով որ սիրիական կողմը կցուցաբերի ցանկացած անհրաժեշտ աջակցություն նշյալ միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: