Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Քրիստիան Դումիտրեսկուի հետ

14 մարտի, 2018

Մարտի 14-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Քրիստիան Դումիտրեսկուի հետ:

Սենատոր Դումիտրեսկուն շնորհավորեց Սերգեյ Մինասյանին Ռումինիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր աջակցությունը հայտնեց վերջինիս կարևոր առաքելության իրականացմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ռումինական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Դեսպան Մինասյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ՀՀ և ԵՄ միջև ստորագրված շրջանակային նոր պայմանագրի ընձեռած հնարավորությունները՝ Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերություններն առավել ակտիվացնելու առումով: Հայ հայ-ռումինական հարաբերությունների առանձնահատկությունների համատեքստում ընդգծվեց ռումինահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու ժողովուրդներին իրար մերձեցնող կամուրջ։

Կողմերը հատուկ կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային խորհրդարանական ձևաչափերում։ Այդ առումով անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության խթանմանն առնչվող հարցերի։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ դեսպան Մինասյանն անընդունելի համարեց երրորդ երկրների կողմից խորհրդարանական ձևաչափի շահագործումը նեղ քաղաքական դիվիդենտների ձեռքբերման նպատակով:

Տպել էջը