Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

10 մարտի, 2018

Մարտի 10-ին Արգենտինյան Հանրապետության Հայկական կառույցների /IARA/ միության կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հայ կենտրոն»-ում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում և մատուցվեց Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ, որին ներկա էին Արգենտինայի հասարակական և գիտական շրջանակի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձավ Ղարաբաղյան շարժման պատմությանը, Արցախի ժողովրդի` ինքնորոշման և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հայտին և Ադրբեջանի` այդ խաղաղ գործողություններին ոճրագործությամբ, հայատյաց քաղաքականությամբ և բացահայտ ագրեսիայով պատասխանելուն:

ՀՀ դեսպանը ներկայացրեց 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի պատմությունը, դրանք բնորոշելով որպես ցեղասպան գործողություններ՝ ի շարունակություն Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության: Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներում, ճանաչում է ստացել միջազգային հանրության կողմից:

Արարողության ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում` զոհված հայ ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանի կողմից մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված կարգ:

Տպել էջը