Չեխիայում բացվեց ցեղասպանություններին նվիրված առաջին թանգարանը

09 մարտի, 2018

Մարտի 9-ին Չեխիայի Թերեզին քաղաքում տեղի ունեցավ Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնակցեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Թանգարանի բացման արարողությունը սկսեց Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպան, այնուհետև ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն, Հայաստանում հայտնի ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան: Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

ՀՀ դեսպանը բարձր գնահատեց 2012 թվականից «9 դարպաս» փառատոնի և «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի (որի իրավահաջորդն է Թերեզինշտադտի կենտրոնը) գործունեության շրջանակներում Պավել Խալուպայի և Շիմոն Կրբեցի հետ սկսած համագործակցությունը և կարևորեց կենտրոնի՝ ուսանողության շրջանում իրականացվող մեծ աշխատանքը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծեց ուսումնական հաստատություններում Ցեղասպանության առարկայի դասավանդման դերն ապագայում ցեղասպանությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի գործում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի գործող և նախկին պատգամավորներին 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար։ Հատուկ կարևորվեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահի  և խորհրդարանի  նախկին անդամի դերը։ ՀՀ դեսպանը խոսեց նաև Թերեզինշտադտի կենտրոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցության անհրաժեշտության մասին:

Ելույթով հանդես եկավ նաև սոցիալ-դեմոկրատ նախկին պատգամավոր, ՀՀ Նախագահի կողմից «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրված Րոբին Բյոհնիշը, ով եղել է Թերեզինշտադտի կենտրոնի և թանգարանի նախաձեռնողներից մեկը։ Նա  կարևորեց կենտրոնի գործունեությունը և ապագա սերունդներին ճշմարտությունը հասցնելու հրամայականը։ Իր խոսքով, «Հայոց ցեղասպանության պարագայում շատ քիչ վերապրողներ են մնացել։ Մինչդեռ աշխարհում չկա մի հայ, որի ընտանիքը ցեղասպանության հետևանքները կրած չլինի։ Հետևաբար, այսօրվա վկայությունները պահելով ու հանձնելով թանգարաններին, նաև կանխարգելում ենք չարիքի ընդլայնումը, որ առկա է նաև համացանցում»։

Տեղեկանք. Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում: Թանգարանի բացման օրն ընտրվել էր ի հիշատակ  Թերեզինից տեղափոխված և 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանված երեք և կես հազարից ավելի Չեխոսլովակիայի քաղաքացիների։

Նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլև այլ ոճրագործություններին, այդ թվում Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր։ Թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ զգալիորեն ընդլայնել և հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն։

Տպել էջը