Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Թյուրինգիա երկրամաս
05 մարտի, 2018Մարտի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտ:
Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին աշխուժացում է գրանցվել Թյուրինգիա երկրամասի և Հայաստանի միջև ամենատարբեր ոլորտներում հարաբերություններում, այդ թվում՝ տնտեսական, կրթական, գիտամշակութային և այլն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանը կարևորեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Թյուրինգիայի միջև: Այդ նպատակով կողմերը համաձայնեցին լրացուցիչ քայլեր ձեռնարկել գործընկերության առկա ներուժի լիարժեք օգտագործման համար:
Նույն օրը կայացավ Աշոտ Սմբատյանի հանդիպումը Թյուրինգիայի ներքին գործերի և կոմունալ հարցերով նախարար Գեորգ Մայերի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Էրֆուրտ քաղաքում դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև երկրամասի կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով պետքարտուղար Գաբի Օհլերի հետ: Դեսպանը և պետքարտուղարը երկուստեք կարևորեցին գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդման նպատակով երիտասարդության առավել ներգրավման անհրաժեշտությունը: