Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայում
30 հունվարի, 2018Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 30-ին հանդիպեց Լատվիայի Մշակույթի նախարարության պետական քարտուղարի տեղակալ Սելգա Լայզանեի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ընթացիկ տարում ՀՀ դեսպանության կողմից նախատեսվող մշակութային միջոցառումների օրակարգը, որոնք իրականացվելու են երկու պետությունների 100-ամյակների և այլ նշանակալի իրադարձությունների շրջանակներում։
Պետքարտուղարի տեղակալ Լայզանեն գոհունակությամբ հիշեց 2017թ. ՀՀ դեսպանության մշակութային միջոցառումները, որոնք բարձր գնահատանքի են արժանացել Լատվիայի հասարակության կողմից: Միաժամանակ Սելգա Լայզանեն ընդգծեց, որ լատվիական կողմն ուրախությամբ կիրականացնի դեսպանության հետ երկու երկրների հարյուրամյակներին նվիրված ցանկացած միջոցառում:
Դեսպանը լատվիական կողմին հրավիրեց ներկա գտնվելու մարտի 1-ին ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները ու Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը՝ Լատվիայի լավագույն երաժշտական խմբերի կատարմամբ:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև Լատվիայի Էկոնոմիկայի նախարարության պետական քարտուղարի տեղակալ Զայգա Լիեպինայի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի իրականացման անցկացմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց հերթական միջկառավարական նիստի ընթացքում լատվիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների այցը Հայաստան, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական ակտիվությունն առավել բարձրացնելու համար: Դեսպան Մկրտչյանը Զայգա Լիեպինայի ուշադրությունը հրավիրեց, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, տեքստիլի, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների վրա: