ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում Բուխարեստում
26 հունվարի, 2018Հունվարի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայոց Բանակի օրվան և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:
Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի Ազգային պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաև ռումինահայ համայքնի այլ ականավոր ներկայացուցիչներ:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ներկաներին ուղղված իր խոսքում շնորհավորեց տոնի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի Զինված ուժերը պատվով անցել են փորձությունների բովով, հզորացել և այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի գոյության ամուր գրավականն ու երաշխիքն են:
Դեսպանը նաև ընդգծեց միջազգային ռազմական համագործակցության կարևորությունը ՀՀ Զինված ուժերի հետագա զարգացման համար՝ հույս հայտնելով, որ հայ-ռումինական ռազմական և անվտանգության ոլորտի համագործակցությունն առաջիկայում կընդլայնվի: