Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը

23 հունվարի, 2018

Հունվարի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության և ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշեցին ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի և զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Նախարարի տեղակալ Նազարյանն իր ելույթում շեշտեց դեռևս 2014թ-ից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարևորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։ Հայկական կողմից ներկայացվեց մի շարք առանցքային ոլորտներում իրավական և կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվեց բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Նիստին մասնկացում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ, ԱՍՀՆ Զբաղվածության գործակալության, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, ԵՄ կառույցների, անդամ պետությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տպել էջը