Դեսպան Եսայանի և Մինսկի քաղգործկոմի նախագահի հանդիպումը

19 հունվարի, 2018

Հունվարի 19-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց Մինսկի քաղգործկոմի նախագահ Անդրեյ Շորեցի հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ դեսպանը նշեց հայ-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Բելառուսում առաջին հայկական եկեղեցու կառուցման և դրա համար տարածքի ընտրության հարցը, ինչի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել նաև հայ համայնքի ղեկավարության հետ: Կողմերը եկան նախնական համաձայնության եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ վայրի հատկացման վերաբերյալ:

Դեսպան Եսայանը նաև ընդգծեց, որ Հայ Առաքելական եկեղեցու կառուցումը Բելառուսում էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների բարեկամական կապերը:
Իր հերթին Անդրեյ Շորեցը տեղեկացրեց եկեղեցու կառուցման հարցում իր շահագրգռվածության մասին և ընդգծեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ և ԲՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում երկու երկրների մայրաքաղաքների միջև ավելի սերտ համագործակցության ծավալման և համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին:

Կողմերը նաև քննարկեցին Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին Մինսկի պատվիրակության մասնակցությանն ու ընթացիկ տարում նախատեսվող Երևանի և Մինսկի միջև քույր քաղաքների համաձայնագրի ստորագրման հարցերը:

Տպել էջը