Դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և Դանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Սորեն Էսպերսենի հանդիպումը

18 հունվարի, 2018

Հունվարի 18-ին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում ունեցավ Դանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Սորեն Էսպերսենի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հետ կապված հարցեր, որի համատեքստում ընդգծվեց փոխայցելությունների իրականացման և երկխոսության ակտիվացման կարևորությունը:

Դեսպան Արզումանյանը նշեց, որ թեև Դանիան խորհրդարանական բարեկամության խմբեր ձևավորելու ավանդույթ չունի, այդուամենայնիվ դա չպետք է խոչընդոտ հանդիսանա այլ ձևաչափով հաղորդակցման, կապերի հաստատման և համատեղ աշխատանքի համար: Արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Սորեն Էսպերսենը պատրաստակամություն հայտնեց ամեն ջանք գործադրել` ուղղված խորհրդարանական մակարդակում արդյունավետ փոխգործակցությանը` նշելով, որ իրենք շահագրգիռ են հայ-դանիական կապերի առավել ամրապնդմամբ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Դանիայի և Հայաստանի ներքին քաղաքականության, ընտրական համակարգերի, սպասվելիք զարգացումների մասին` պայմանավորվածություն ձեռք բերելով հետամուտ լինել պարբերական հանդիպումների անցկացման և տարբեր մակարդակներով փոխայցելությունների կազմակերպման և իրականացման գործին:

Տպել էջը