Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջոցառումներ Կիելցե քաղաքում
11 դեկտեմբերի, 2017Դեկտեմբերի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի պատվո հովանու ներքո Լեհաստանի ազգային թանգարանի Կիելցեի մասնաճյուղի, Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանի կողմից Կիելցե քաղաքում տեղի ունեցան «Լեհաստանի հայերը, Կիելցեի հայերը» խորագրով միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Կիելցեի կենտրոնական հրապարակում Լեհաստանի հայ համայնքին, մասնավորապես Կիելցեի հայկական ներկայությանը նվիրված բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանի տնօրեն Ռոբերտ Կատովսկին, Շվիենտոկշիսկե վոևոդության նահանգային խորհրդարանի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, մշակութային և հասարակական գործիչներ, լրագրողներ:
Հանդես գալով բացման խոսքով` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի միջոցառումների շունչը նաև Կիելցե քաղաք հասցնելու և Կիելցեում բնակություն հաստատած և քաղաքի կյանքում նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչներին ևս մեկ անգամ հիշատակելու և գնահատելու համար:
Միջոցառման պաշտոնական մասից հետո մասնակիցները ծանոթացան Կիելցեի հայերի պատմությանը նվիրված բացօթյա ցուցադրությանը, որը կշարունակվի մեկ ամիս:
Միջոցառումների շրջանակներում Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանում տեղի ունեցավ նաև գիտական կոնֆերանս: Կոնֆերանսի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ինչպես նաև հայ ժողովրդին նվիրված տարբեր թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհ-հայկական հիմնադրամի աշխատակից, մշակութաբան Մարինա Խանամիրյանը, Կիելցեի մշակութային երկխոսության թանգարանի գիտաշխատող Պավել Գժեշիկը, Լյուբլինի Մարի Կյուրի-Սկլադովսկայի անվան համալսարանի դոցենտ Տոմաշ Կտլիսնկին:
Կոնֆերանսի շրջանակներում ցուցադրվեց Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև ներկայացվեց «Կիելցեի օրաթերթ»-ի հատուկ թողարկումը` նվիրված Լեհաստանի հայ համայնքին: