Դեսպան Բաղդասարյանը մասնակցեց Իտալիայի Պադովա քաղաքում անցկացված փառատոնին

03 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Պադովա քաղաքում գտնվող ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մասնակցեց «Տեսարան. հայկական մշակույթի շաբաթ» փառատոնի փակման արարողությանը:

Փառատոնը կազմակերպվել էր իտալահայ հայտնի գրող Անտոնիա Արսլանի և «Նաիրի օնլուս» կազմակերպության ջանքերով, Պադովայի քաղաքապետարանի աջակցությամբ, «Կասսա դի Ռիսպարմիո դի Պադովա է Ռովիգո» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո:

Վերդի թատրոնում քամանչահար Հակոբ Խալաթյանի համերգից առաջ դեսպան Բաղդասարյանն հանդես եկավ ելույթով՝ իր երախտիքի խոսքը հղելով միջոցառման գեղարվեստական ղեկավար Անտոնիա Արսլանին, Պադովա քաղաքի մշակութային հարցերով խորհրդական Անդրեա Կոլասիոյին: Դեսպանն անդրադարձավ հայ-իտալական երկկողմ հարաբերությունների վերջին տարվա զարգացումներին, ինչպես նաև կարևորեց այն դարավոր բարեկամությունը, որը միավորում է Հայաստանը և Իտալիան:

Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը կայացել են համերգներ, ընթերցումներ, ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ռեպորտաժներ, որոնց միջոցով ներկայացվել է հայկական մշակույթը:
 

Տպել էջը