Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց դիվանագիտական բարեգործական տոնավաճառին

03 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 3-ին Սոֆիայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում կայացավ 23-րդ ամենամյա դիվանագիտական բարեգործական տոնավաճառը:

Տոնավաճառին մասնակցեցին Բուլղարիայում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք ներկայացրեցին իրենց ազգային արվեստն ու երաժշտությունը, մշակույթն ու ավանդույթները, երգն ու պարը: Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ազգային խոհանոցի բազմատեսակ ավանդական ուտեստները:

Տոնավաճառին ակտիվորեն մասնակցեց նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Հայկական տաղավարում ներկայացված էին բազմազան հուշանվերներ, կոնյակի և գինու տեսականի, քաղցրավենիք և այլն: Բուլղարիայի հայազգի ձեռնարկատերերն ու անհատ ձեռներեցները տրամադրել էին իրենց արտադրած լավաշը, գաթան, հայկական այլ թխվածքներ:

Ցուցահանդեսային կենտրոնի բեմահարթակում կազմակերպված գալա-համերգին հայ երգարվեստը ներկայացրեցին Բուլղարիայում հայտնի կոմպոզիտոր և երգիչ Հայկաշոտ Աղասյանը և ազգային երգերի կատարող Արթուր Նադոսյանը:

Օրվա ընթացքում Հայաստանի տաղավար այցելեցին հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում էին Բուլղարիայի պետական գործիչներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հայկական ապրանքները ներկայացնում էին դեսպան Արմեն Սարգսյանը և Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը: Տոնավաճառի կազմակերպմանն իրենց անմիջական ակտիվ մասնակցությունը բերեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը, Սոֆիայի հայ համայնքային կառույցները և բազմաթիվ անհատ հայեր:
 

Տպել էջը