ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

19 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» ամենամյա տոնավաճառը, որն անց էր կացվում հոբելյանական 50-րդ անգամ։ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես»-ից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

Այս տարի նույնպես, 43 երկրների շարքում, տոնավաճառին մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայ վարպետների ձեռագործ հուշանվերներ ու զարդեր, հրուշակեղեն ու քաղցրավենիք, հայկական կոնյակ ու գինի:

«ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության նախորդ տարվա բոլոր միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական և արդյունավետ մասնակցության շնորհիվ, այս տարի առաջին անգամ գումար է հատկացվելու Հայաստանում սոցիալական ծրագիր իրականացնելու համար։

Տոնավաճառի մասնակցության հարցում ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի կոնյակի գործարանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանը և «Գրանդ քենդի» ընկերությունը։
 

Տպել էջը