Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի ներքին գործերի փոխնախարարի հետ
14 նոյեմբերի, 2017Նոյեմբերի 14-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Միլկո Բերների հետ:
Գոհունակությամբ նշելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը` հանդիպման մասնակիցները կարևորեցին երկու երկրների իրավապահ և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների միջև փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով այդ գերատեսչությունների կառուցվածքային տարբերությունները՝ դեսպան Արմեն Սարգսյանն առաջարկեց քննարկել սեյսմիկ պաշտպանության և երկրաշարժերի հետևանքների վերացման, ճգնաժամերի կառավարման, լեռնափրկարարական, հակահրդեհային պայքարի բնագավառներում ՀՀ արտակարգ իրավիճակների և ԲՀ ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:
Նկատի ունենալով ԲՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության նույնանման գործառույթների առկայությունը՝ կողմերը քննարկեցին համապատասխան ծառայություների միջև համագարծակցության հաստատման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվեց ինչպես առկա իրավապայմանագրային հիմքերի արդիականացման, այնպես էլ նոր պայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:
Դեսպան Սարգսյանն ու փոխնարար Բերներն անդրադարձան նաև երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցության հնարավորությանը՝ քննարկելով գործնական կապերի հաստատմանն առնչվող հարցեր: