Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
30 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 30-ին Երևանում Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, սերբականը՝ ԱԳՆ Քաղաքական հարցերով տնօրեն Զորան Վույիչը:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեց հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքական երկխոսության, տնտեսական ու ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության խթանմանն ուղղված քայլերը, անդրադարձ կատարվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նույն օրը սերբական պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Աշոտ Հովակիմյանը: Հանդիպումների ընթաքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում սերբական կողմին ներկայացվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր: