Հայաստանի Հանրապետության Հրազդան և Ռումինիայի Հանրապետության Բակաու քաղաքների միջև ստորագրվեց բարեկամության համաձայնագիր
24 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 24-ին Ռումինիայի Բակաու քաղաքի քաղաքապետարանում Հրազդանի և Բակաուի միջև ստորագրվեց բարեկամության համաձայնագիր, որը նախատեսում է երկու քաղաքային համայնքների միջև բազմակողմանի կապերի հաստատում, համագործակցություն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` տեղական ինքնակառավարում, արվեստ, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, ոչ կառավարական կազմակերպություններ, տնտեսական հարաբերություններ, առողջապահություն, սպորտ, տեղական ավանդույթներ և տուրիզմ:
Ռումինական կողմից բարեկամության համաձայնագիրը ստորագրեց Բակաուի քաղաքապետ Կոսմին Նեկուլան, հայկական կողմից` Հրազդանի համայնքապետի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև Բակաուի քաղաքապետարանի խորհրդական, դոկտոր պրոֆեսոր Գաբրիել Ստանը և Ռումինիայի Հայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահ Վասիլե Հակոբը:
«Բակաուն միացավ ռումինական այն տասը քաղաքներին և երեք նահանգներին, որոնք 2012թ.-ից ի վեր եղբայրական կապեր են հաստատել Հայաստանի քաղաքների և մարզերի հետ: Համագործակցության այդ լայն ցանցը հնարավորություն է տալիս Ռումինիայում իրականացնել զանազան ծրագրեր, որոնք հատկապես ուղղված են ռումինահայ համայնքի հոգևոր-մշակութային հարուստ ավանդույթների պահպանմանը և հարատևմանը, ռումինական կյանքի մեջ նրանց լիակատար ներգրավմանը»,- իր ողջույնի խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:
Իր հերթին քաղաքապետ Կոսմին Նեկուլան բարձր գնահատեց Բակաու նահանգի և քաղաքի զարգացման մեջ հայերի պատմական կարևոր ներդրումը, որը շարունակվում է նաև այսօր՝ ի դեմս աշխույժ հայ համայնքի: Քաղաքապետը նշեց, որ Բակաուի ավագանու նիստում քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն էր տվել Հրազդան և Բակաու քաղաքների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրմանը:
Հրազդանի հետ եղբայրացման ակտը լայնորեն լուսաբանվեց Բակաուի տեղական մամուլում, որտեղ զետեղվել էին տեղեկություններ Հրազդան և Բակաու քաղաքների, Բակաուի հայկական համայնքի և այս տարածաշրջանում հայերի մեծ ներդրումի մասին, տպագրվել էին երկու քաղաքները պատկերող լուսանկարներ: