Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի կրթության և գիտության նախարարի հետ

19 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վըլչևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի, ներկայումս իրականցվող ծրագրերի, ինչպես նաև հետագա փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր:

Կողմերն արձանագրեցին, որ պատրաստ է ստորագրման երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության հերթական ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակների և ժամկետների վերաբերյալ:

Դեսպան Սարգսյանը կարևորեց Բուլղարիայում հայագիտության և հայոց լեզվի ուսումնասիրման զարգացման և խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկեց Սոֆիայի «Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանի Հայագիտություն և կովկասագիտություն բաժնի ուսանողների Հայաստան այցելելու և տարաբնույթ ճանաչողական և ուսումնական ծրագրերին և միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը:

Ընդգծելով երկու երկրների հնեաբանության ու պատմական հուշարձանների պահպանման հարուստ փորձառությունը՝ զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բուլղարիայի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ԲՀ նախարարը խոստացավ անդրադառնալ ՀՀ դեսպանի կողմից ներկայացված առաջարկություններին Բուլղարիայի բուհերի ղեկավարների հետ առաջիկայում նախատեսված հանդիպման ժամանակ:

Դեսպան Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես ակտիվորեն աջակցել Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես նաև երկու երկրների կրթության և գիտության գերատեսչությունների ու առանձին բուհերի միջև գոյություն ունեցող ավանդական սերտ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը:

Տեղեկանք. Հայաստանի և Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի Հայաստանի չորս քաղաքացիներ գործուղվում են Բուլղարիա` տեղի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
 

Տպել էջը