Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ

18 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 18-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Ահմադ Սամիր Խալիլի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները: Նախարար Խալիլը նշեց, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական արտադրության ապրանքներն իր շուկայում՝ ընդգծելով, որ ներկայումս առկա են բոլոր նախապայմանները հայ-սիրիական առևտրական համագործակցությունը վերսկսելու համար:

Իր հերթին դեսպանը նշեց, որ երկու պետությունների ավանդական պատմական առնչությունները և քսանհինգամյա դիվանագիտական հարաբերություններն ու առևտրատնտեսական գործակցության ավանդույթները մեծ ներուժ են հաղորդելու համագործակցության երբեմնի աշխուժությունը վերականգնելու համար:

Նախարար Խալիլը և դեսպան Փոլադյանն անդրադարձան Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորություններին գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:
 

Տպել էջը