Մամլո ասուլիս՝ ԵԱՏՄ–Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարեդարձի կապակցությամբ
05 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 5-ին Հանոյում տեղի ունեցավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների մամուլի ասուլիսը՝ ԵԱՏՄ – Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին տարեդարձի կապակցությամբ:
Ասուլիսին ելույթներով հանդես եկան Հայաստանի, Ղազախստանի, ՌԴ, Բելառուսի դեսպանները ու ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության եվրոպական շուկաների դեպարտամենտի ղեկավարը:
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի մեծ ներուժը՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծման և ներդրումների տեսանկյունից, ինչպես նաև ՀՀ-ում ներդրողների համար ստեղծված գրավիչ պայմանները և առավելությունները:
Դեսպանն ընդգծեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների սրընթաց զարգացումը, կարևորեց ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների տնտեսական նշանակությունը:
Ելույթներից հետո ԵԱՏՄ դեսպանները, առևտրական ներկայացուցիչները և վիետնամացի պաշտոնյաները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ասուլիսին ներկա էին Հանոյում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի և առևտրական ներկայացուցչությունների, վիետնամական լրատվամիջոցների և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: