Դեսպան Գալոյանի հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայայի հետ

05 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 5-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայան ընդունեց ԲԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ուղենշվեցին տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվեցին հայ-բրազիլական գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:

Զրուցակիցները հատուկ անդրադարձ կատարեցին միջխորհրդարանական համագործակցությանը, բարձր գնահատվեց խորհրդարանական բարեկամության խմբի առաքելությունը: Միջխորհրդարանական կապերի ամրապնդման առումով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ նման այցելությունները հանդիսանում են խորհրդարանական դիվանագիտության առանցքը և կարող են խորացնել փոխըմբռնումը երկու երկրների և ժողովուրդների միջև:

Կողմերը նաև ընդգծեցին Բրազիլիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում: Ռոդրիգո Մայան նշեց, որ Բրազիլիայի կայացման գործում մեծ ներդրում ունեցած բազմաթիվ ժողովուրդների շարքում իր ուրույն տեղն ունեն բրազիլահայերը:

Տպել էջը