Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

29 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, շվեցարական պատվիրակությունը` Շվեյցարիայի ԱԳՆ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ԵԽ, ԵԱՀԿ բաժնի ղեկավար, դեսպան Նիկոլաս Բրյուլը։

Հանդիպման ընթացքում կարևորվեց հայ-շվեցարական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային այլ հարցեր:

Նույն օրը շվեցարական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման, սիրիական ճգնաժամին առնչվող և տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի:

Տպել էջը