Դեսպան Սարգսյանի և Բուլղարիայի մշակույթի նախարարի հանդիպումը

26 սեպտեմբերի, 2017

 

Սեպտեմբերի 26-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նորանշանակ նախարար Բոիլ Բանովի հետ:

Շնորհավորելով զրուցակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների մշակույթի գերատեսչությունների միջև ավանդական սերտ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ նաև ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի, համաձայնեցված ծրագրերի պատշաճ իրականացման և հետագա փոխգործակցության ակտիվացման հետ առնչվող մի շարք հարցեր: Արձանագրվեց, որ արդեն իսկ պատրաստ է ստորագրման ՀՀ և ԲՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2019թթ. համագործակցության ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակի և ժամկետների վերաբերյալ:

Երկուստեք կարևորելով երկու երկրների հարուստ հնագիտական պատմությունն ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ կողմերը քննարկեցին Երևանի և Պլովդիվի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Գոհունակությամբ նշվեց, որ հաջորդ ամիս Երևանում բացվում է բուլղարահայ ականավոր գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում Հայաստանի գեղանկարիչներից մեկի ցուցանանդեսը կազմակերպել Սոֆիայում:

Քննարկվեց նաև Հայաստանի և Բուլղարիայի թատրոնների միջև կապերի հաստատման և զարգացման հարցը:

Տպել էջը