ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մոսկվայում

25 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի պետական թանգարանի շքասրահում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառման հյուրերի թվում էին' ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ-ում հավատարմագրված չորս տասնյակից ավելի օտարերկրյա պետությունների դեսպաններ, մշակույթի և գիտության բնագավառի ռուսաստանյան անվանի գործիչներ, ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ և Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ով իր ելույթում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին՝ նշելով, որ ընթացող տարում նշվում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակը:

Տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով իր խոսքոմ անդրադարձավ երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններն այսօր ունեն ընդգրկուն օրակարգ:

Ընդունելությունը շարունակվեց Հայաստանից Մոսկվա ժամանած «Գողթ» էթնո-ջազային խմբի կատարումներով: Միջոցառման շրջանակներում թանգարանի շքասրահում բացվեց նաև «Փարաջանովի աշխարհները» խորագրով ցուցահանդես-ինստալյացիան:

Տպել էջը