Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներ Ռումինիայի տարբեր քաղաքներում

21 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Կոնստանցայի մասնաճյուղը (նախագահ՝ Լիվիու Մերդինյան) Կոնստանցայի Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր «Դոբրոջայի էթնիկ խճանկարում հայկական ավանդական տարազը» թեմայով ցուցահանդես:

Բացման արարողությանը հայ-ռումինական պատմական առնչությունների և միջպետական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: «Շնորհիվ փոքրամասնությունների հանդեպ Ռումինիայի կառավարության հոգատարության` փառահեղ անցյալ ունեցող ռումինահայ համայնքն այսօր կարողանում է պահպանել իր ինքնությունը և լիարժեք մասնակցել հանրային կյանքին»,- ասաց դեսպան Գասպարյանը:

Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն և արվեստաբան Անահիտ Դավիդյանը խոսեցին Կոնստանցայի ու շրջակայքի հայերի ազգային յուրահատկությունների և երկրի զարգացման մեջ նրանց նշանակալի ներդրման մասին։ Ցուցահանդեսին ներկա էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագետներ, հույն և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-22-ին ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղը կազմակերպել էր Հայկական ֆիլմի օրեր «Ռոման» հյուրանոցի հանդիսությունների սրահում, որի պատվավոր հյուրը ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանն էր։ Միջոցառման գործընկերների թվում էին Ռոմանի քաղաքապետարանը, «Կլեպսիդրա» մշակութային ընկերությունը և այլն։

Սեպտեմբերի 21-ին ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղը քաղաքի «Ունիրեա» կինոթատրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրություն։

Հայաստանի անկախության օրվա առթիվ ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Գեռլայի Հայկական թանգարանի ասոցիացիան, Կլուժի նահանգային խորհուրդի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի կազմակերպմամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու հայկական մշակույթի օր, որի շրջանակներում հիշատակվելու է հայտնի հայագետ, «Արմենիա» ամսագրի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոտի մահվան 110-ամյակը:

Ռումինական «Աջերպրես» լրատվական գործակալությունը և տեղական մամուլն անդրադարձան Հայաստանի անկախության օրվան ու դրան նվիրված միջոցառումներին:

Տպել էջը