Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին
17 սեպտեմբերի, 2017Սեպտեմբերի 17-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին՝ իրենց ծնողների և դպրոցի տնօրեն Հայաստան Մնեյանի գլխավորությամբ:
Ողջունելով աշակերտներին և ծնողներին՝ դեսպան Արա Սահակյանը բաց դաս անցկացրեց՝ նվիրված Հայաստանի անկախության առաջիկա տոնին, որի ընթացքում ներկայացրեց հայոց անկախ պետականության նվաճման և կայացման դժվարին ուղին, հետադարձ հայացք գցեց հայ ժողովրդի պատմության բախտորոշ փուլերին, ընդգծեց հայոց լեզուն և ինքնությունը պահպանելու գործում հայ ընտանիքի ու դպրոցի անվիճելի դերը:
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հերթին հանդես եկան հայ բանաստեղծների ստեղծագործությունների արտասանությամբ, հայրենասիրական երգերի կատարմամբ:
Դեսպանի վարած «Անկախության դասի» ընթացքում աշակերտները պատասխանեցին նաև հայոց պատմությանը, մշակույթին, Հայաստանի աշխարհագրությանը վերաբերող հարցերի: Դասի ավարտին աշակերտների համար կազմակերպվեց ընդունելություն: