ՀՀ Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև ստորագրվեց եղբայրացման հուշագիր

10 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 10-ին Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում ստորագրվեց ՀՀ Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև եղբայրացման հուշագիր:

Ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Հարգիտա էր ժամանել Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:

Երկկողմ հուշագիրը սկիզբ է դնում երկու տարածքային միավորների հանրային հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և ձեռնարկատիրական միությունների միջև փոխշահավետ համագործակցության մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում:

Ողջույնի խոսքերով հանդես եկան նահանգապետ Բորբոյ Չաբան և մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Իր խոսքում մարզպետ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ ջանք չի խնայի պայմանագիրը քայլ առ քայլ իրագործելու նպատակով, ինչի համար առկա են հուսալի նախադրյալներ, առաջին հերթին` Գեորգենի հայ համայնքի պատրաստակամությունը և ներգրավվածությունը ծրագրին:

Ներկաներին ուղղված իր խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը կարևորեց հայ-ռումինական ապակենտրոնացված համագործակցությանը՝ որպես դրա վկայություն բերելով 2012թ. ի վեր տասնյակ քաղաքների և մարզերի միջև հաստատված համագործակցության ընդարձակ ցանցը:

Տեղեկանք: Հարգիտան կենտրոնական Ռումինիայի հունգարաբնակ նահանգ է, բնակչության մոտ 84% էթնիկ հունգարներն են:

Հայերը պատմական Տրանսիլվանիայի այս մասում հաստատվել են 17-րդ դարի առաջին կեսին` տեղափոխվելով Մոլդովայից: Նրանք նպաստել են տեղի առևտրի և արհեստների զարգացմանը, առևտրական քաղաքների հիմնմանը, որոնց թվում է Գեորգենը` պատմական Ջուրջովը: Ավստրիական արքունիքի պահանջով, որի կազմի մեջ ժամանակին մտնում էր Տրանսիլվանիան, 18-րդ դարում հայերն ընդունում են կաթոլիկություն, իսկ ապրելով հունգարական միջավայրում` ժամանակի ընթացում դառնում հունգարախոս:

Գեորգենում այսօր ապրում են մոտ 2000 հայերի շառավիղներ: Տրանսիլվանիայի կաթոլիկ հայ համայնքի մյուս կարևոր կենտրոններն են Գեռլան` պատմական Արմենոպոլիսը (Կլուժի նահանգ) և Դումբրավենը` Եղիսաբեթոպոլիսը (Սիբիուի նահանգ):

Տպել էջը