Օդեսայում ՀՀ գլխավորր հյուպատոսի հանդիպումը Խերսոնի քաղաքապետի հետ
22 օգոստոսի, 2017Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի հանդիպումը Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոյի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին և դրանցում ապակենտրոնացված համագործակցության մասնաբաժնին առնչվող հարցեր, նախանշվեցին Հայաստանի վարչատարածքային միավորների և Խերսոն քաղաքի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության սերտացման և զարգացման կարևորությունը ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Խերսոնի քաղաքապետը նշեց, որ քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի Հանրապետության քաղաքների հետ համագործակցության խորացմամբ: Վլադիմիր Միկոլաենկոն ընդգծեց Խերսոնի հայ համայնքի կարևոր դերը քաղաքի կյանքում՝ գոհունակությամբ նշելով, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Խերսոնի միջնակարգ դպրոցներից մեկում սկվելու է հայոց լեզվի դասավանդումը:
Զրուցակիցներն անդրադարձան Խերսոնի և Հայաստանի քաղաքների միջև ապրանքաշրջանառության և զբոսաշրջության զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց սեպտեմբեր ամսին «Հայկական մշակույթի շաբաթ» անցկացնել Խերսոն քաղաքում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին, որի շրջանակներում կներկայացվեն ՀՀ տնտեսական և զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև երկրի պատմամշակութային ժառանգությունը: