Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Կարմիր ծովի նահանգապետին

24 հուլիսի, 2017

Հուլիսի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը Հուրգադայում հանդիպեց Կարմիր ծով նահանգի նահանգապետ, գեներալ Ահմեդ Աբդալլահին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Այդ համատեքստում դեսպան Մելքոնյանը նշեց, որ Հուրգադա ծովափնյա հանգստի գոտին դարձել է հայ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից մեկը, ինչով և պայմանավորված էր հունիսից Հուրգադա-Երևան-Հուրգադա ուղիղ չվերթների մեկնարկը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հանգստյան գոտիներում զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Դեսպան Մելքոնյանը հույս հայտնեց, որ Հուրգադայի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը հայ զբոսաշրջիկների հանգիստն առավել անվտանգ դարձնելու համար:

Նահանգապետ Ահմեդ Աբդալլահն իր հերթին ողջունեց հայ զբոսաշրջիկների հոսքի աճը դեպի Հուրգադա՝ վստահեցնելով, որ եգիպտական կողմը շարունակական ջանքեր է գործադրում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու և ծառայությունների մատուցման մակարդակը բարելավելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում մարմնական վնասվածքներ էին ստացել ՀՀ երկու քաղաքացիներ։

Տպել էջը