Դեսպան Թումանյանի այցը Իրանի Մազանդարան նահանգ

16 հուլիսի, 2017

Հուլիսի 15-16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի Մազանդարան նահանգ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ նահանգապետ Ռաբիֆալահ Ջալուդարի, փոխնահանգապետ Հասան Խեյրիանփուրի և մի շարք այլ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, երկրի գործարար միջավայրը, ինչպես նաև հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մազանդարանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանդիպեց նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվեց համապարփակ տեղեկատվություն Հայաստանում գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, երկրի ներդրումային քաղաքականության և իրականացվող ծրագրերի, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի (ՏՏ և հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, դեղագործություն, զբոսաշրջություն և այլն) մասին:

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Մազանդարանի մի շարք ձեռնարկություններ:

Այցի ընթացքում դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց նահանգի կենտրոնական քաղաք Սարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին: Հանդիպման մասնակիցների խնդրանքով դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: 

Տպել էջը