Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի հանդիպումը

26 հունիսի, 2017

Հունիսի 26-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հանդիպեց Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և ամրապնդմանը: Արձանագրելով Երևանի և Օդեսայի՝ քույր քաղաքներ լինելու փաստը՝ Հայկ Ղուլյանն ընդգծեց առևտրատնտեսական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Օդեսայի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոսին հանդիպման համար, բարձր գնահատեց Ուկրաինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում հայերի ունեցած դերն ու գործունեությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հնարավոր համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցին, մասնավորապես, Հայաստանի Անկախության օրվա առթիվ Օդեսայում «Հայկական շաբաթ»-ի հայտարարմանը: 

Անդրադարձ կատարվեց նաև քույր քաղաքների քաղաքապետերի մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման հարցին, և այս համատեքստում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն առաջարկեց Գենադի Տրուխանովին այցելել Երևան:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի միջև տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում:
 

Տպել էջը